Ինչպես ընդունվել դպրոց

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 հունվարի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 11011046

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

24 նոյեմբերի 2010 թ.

N 1640-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՍՈՎՈՐՈՂԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ, ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ԱԶԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 619-Ն, 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1350-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 13, 14-րդ և 17 կետերը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրության 14-րդ կետի ա) ենթակետով

Հրամայում եմ`

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատության սովորողի ընդունելության, տեղափոխման և ազատման կարգը»` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել «ՀՀ պետական հանրակրթական և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների ընդունելության կարգը հաստատելու մասին» 2003 թվականի օգոստոսի 25-ի N 619-Ն և «Այլ երկրներից 11-ամյա հանրակրթական ծրագրով իրականացվող ուսուցումը ընդհատած և Հայաստան տեղափոխված սովորողների դասարանի համապատասխանությունը որոշելու մասին» 2010 թվականի օգոստոսի 30-ի N 1350-Ն հրամանները:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանին և իրավաբանական վարչության պետ Մ. Գրիգորյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:

Ա. Աշոտյան
 

Հավելված

ՀՀ կրթության և գիտության
նախարար Ա. Աշոտյան
24.11.2010 թ.
N 1640-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՍՈՎՈՐՈՂԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ, ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ԱԶԱՏՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Սույն կարգով կարգավորվում է դպրոցահասակ երեխայի (սովորողի) հանրակրթական ուսումնական հաստատություն (այսուհետ` դպրոց) ընդունելության, տեղափոխման և ազատման հետ կապված ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) և դպրոցի միջև ծագող իրավահարաբերությունները:

II. ՍՈՎՈՐՈՂԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ, ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ

1. Սովորողների ընդունելությունը դպրոց իրականացվում է տնօրենի հրամանով` երեխայի (սովորողի) ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) և դպրոցի միջև կնքված պայմանագրի հիման վրա:

2. Դպրոցի առաջին դասարան ընդունվում են այն երեխաները, որոնց վեց տարին լրացել կամ լրանում է տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ: Ավելի փոքր տարիքի երեխաների ընդունելությունը դպրոց արգելվում է: Ընդունելությունը դպրոցում, որպես կանոն, կազմակերպվում է երկու փուլով` տվյալ տարվա հունիսի 1-ից մինչև 30-ը և օգոստոսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը ներառյալ:

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 22.07.11 N 861-Ն)

4. Մինչև 16 տարին լրանալը երեխայի հիմնական կրթություն ստանալու իրավունքը չապահովելու (կամ դպրոց չընդգրկելու) համար պատասխանատու է ծնողը` օրենքով սահմանված կարգով:

5. Սահմանված ժամկետից ուշ երեխան դպրոց ընդունվում է.

1) մինչև երկու տարի ուշացման դեպքում` առաջին դասարան ընդհանուր հիմունքներով,

2) 2 տարուց ավելի ուշացման դեպքում (մինչև 13 տարին լրանալը)` իր տարիքային խմբին համապատասխան դասարան, կամ ծնողի առաջարկությամբ` մեկ կամ երկու դասարան ցածր:

6. Սույն կարգի 5-րդ կետի երկրորդ ենթակետի պահանջի ապահովման նպատակով, տնօրենի հրամանով ստեղծվում է առարկայական մասնագետների խումբ (այսուհետ` մասնագիտական խումբ):

Հիմք ընդունելով մասնագիտական խմբի կարծիքը և առաջարկությունները սովորողի փաստացի առարկայական գիտելիքների մասին, տնօրենը հաստատում է ուսումնական պլանով նախատեսված առարկաներից անհատական ուսուցման ծրագրերը և լրացուցիչ դասընթացների ժամանակացույցը:

7. 13-ից մինչև 16 տարեկան դպրոց չհաճախած երեխան ընդունվում է իր տարիքային խմբից մեկ կամ երկու դասարան ցածր:

Երեխայի փաստացի առարկայական գիտելիքների և դասարանի համապատասխանության որոշման նպատակով տնօրենի հրամանով ստեղծվում է մասնագիտական խումբ:

Հիմք ընդունելով մասնագիտական խմբի կարծիքը և առաջարկությունները` սովորողի փաստացի առարկայական գիտելիքների մասին, տնօրենը ընդունում է երեխային համապատասխան դասարան, հաստատում ուսումնական պլանով նախատեսված առարկաներից անհատական ուսուցման ծրագրերը և դասընթացների ժամանակացույցը:

8. 16 տարեկանից բարձր տարիքի դպրոց չհաճախած երեխաները հանրակրթական ծրագրերը կարող են յուրացնել ինքնակրթությամբ և էքստեռն կարգով ստանալ հիմնական կրթության վկայական (կամ միջնակարգ կրթության ատեստատ):

9. Պետական դպրոցի տնօրենը տվյալ վարչական տարածքում բնակվող երեխաներին (սովորողներին), ծնողի կողմից դիմում ներկայացնելու դեպքում, ընդունում է դպրոց` ապահովելով օրենսդրությամբ սահմանված նորմերին համապատասխան պայմաններ:

10. Դպրոց ընդունելության ժամանակ սովորողի գիտելիքների ստուգում չի թույլատրվում, բացառությամբ 16-րդ կետի և 22-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված դեպքերի:

11. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի (սովորողի) ընդունելությունը դպրոց կատարվում է ընդհանուր հիմունքներով, իսկ հատուկ դպրոց` համաձայն ոլորտը կարգավորող օրենսդրության:

12. Ազգային փոքրամասնությանը պատկանող քաղաքացու երեխաների ընդունելությունը դպրոց կատարվում է երեխայի ազգային (մայրենի) լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող դպրոցում (դասարանում), իսկ դրա բացակայության դեպքում` ուսուցման լեզվի ընտրությունը կատարում են երեխաների (սովորողների) ծնողները:

13. Օտարերկրյա քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող, երկքաղաքացի անձանց, ինչպես նաև այն դեպքում, երբ ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, իսկ մյուսը`օտարերկրացի, երեխաների ուսուցման լեզվի ընտրությունը կատարում են երեխաների ծնողները (նրանց օրինական ներկայացուցիչը) անկախ ազգային պատկանելությունից:

14. Երեխային /սովորողին/ դպրոց ընդունելու կամ տեղափոխելու դեպքում ծնողը ներկայացնում է.

1) դիմում, իսկ առաջին դասարան ընդունվելիս նաև բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու մասին տեղեկանք,

2) 2 լուսանկար 3×4 չափսի,

3) առաջին դասարան ընդունվելիս ներկայացվում է ծննդյան վկայականի բնօրինակը և պատճենը: Տնօրենի «իսկականի հետ ճիշտ է» մակագրությամբ պատճենը պահվում է սովորողի անձնական գործում,

4) դպրոցից դպրոց սովորողի տեղափոխման թերթիկը (բացառությամբ հիմնական դպրոցից առանձին գործող ավագ դպրոց ընդունվելիս,

5) սովորողի անձնական գործը (առաջինից բարձր դասարաններ ընդունվելիս),

6) տեղեկանք ընթացիկ գնահատականների մասին,

7) վկայագիր` «կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ» տրված տարածքային կառավարման պետական մարմնի կողմից, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին հատուկ դպրոց ընդունելու համար և անհատական ուսումնական պլանը (ԱՈՒՊ),

8) տեղեկանք` «Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների տեղեկատվական համակարգում» հաշվառված լինելու վերաբերյալ` հակասոցիալական վարք ցուցաբերած երեխաներին հատուկ դպրոց ընդունելու համար:

15. Հակասոցիալական վարք դրսևորած երեխաների ընդունելությունը հատուկ դպրոց կատարվում է ամբողջ տարվա ընթացքում:

16. (16-րդ կետն ուժը կորցրել է 22.07.11 N 861-Ն)

17. (17-րդ կետն ուժը կորցրել է 22.07.11 N 861-Ն)

18. Ավագ դպրոց ընդունվելիս սովորողի ծնողը ներկայացնում է հիմնական կրթության վկայականի բնօրինակը և սույն կարգի 14-րդ կետով պահանջվող փաստաթղթերը, բացառությամբ «Անձնական գործ» գրքույկի:

19. (19-րդ կետն ուժը կորցրել է 22.07.11 N 861-Ն)

20. Սովորողի (այդ թվում ոչ պետական դպրոցի) ընդունելությունը կամ տեղափոխումը նոր դպրոց ենթակա է պարտադիր հաշվառման` մեկ ամսվա ընթացքում:

Հաշվառման ներկայացման պատասխանատուն ընդունող դպրոցի տնօրենն է:

Լիազոր մարմնի աշխատակազմի կրթության ստորաբաժանման աշխատակիցը իրականացնում է սովորողի հաշվառումը հատուկ մատյանում և լրացնում է տեղափոխման թերթիկը: Հաշվառված թերթիկը պահպանվում է ընդունող դպրոցում:

21. (21-րդ կետն ուժը կորցրել է 22.07.11 N 861-Ն)

22. Այլ երկրներից Հայաստանի Հանրապետություն վերադարձած սովորողի ընդունելությունը դպրոց կատարվում է.

1) կրթության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի բացակայության դեպքում`

ա. միջնակարգ կրթության 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճաններում հետագա ուսումնառության դասարանը չի կարող լինել ավելի բարձր, քան սովորողի տարիքային խմբին համապատասխան դասարանը և որոշվում է տնօրենի հրամանով ստեղծված մասնագիտական խմբի գրավոր առաջարկությամբ` գիտելիքների համարժեքության արդյունքների հիման վրա:

բ. Հիմնական կրթության վկայական չներկայացնելու դեպքում միջնակարգ կրթության 3-րդ աստիճանում ուսումնառությունը չի կարող շարունակվել:

Ուսումնառության դասարանը որոշվում է սույն կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված ընթացակարգով:

գ. Սույն կետի 1-ին ենթակետում նշված ընթացակարգը տարածվում է նաև ապրիլի 30-ից մինչև ուսումնական պարապմունքների ավարտը վերադարձած սովորողների նկատմամբ, որոնք մասնակցում են ուսումնական պարապմունքներին և ուսումնական պարապմունքների ավարտից հետո հանձնում են գրավոր քննություններ` մանկավարժական խորհրդի կողմից որոշված առնվազն 5 առարկաներից:

Քննությունների արդյունքների հիման վրա որոշվում է սովորողի հետագա ուսումնառության դասարանը:

2) Համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում տասնմեկամյա ծրագրով ուսուցումը ընդհատած սովորողը ուսումը շարունակում է մեկ դասարան բարձր, բացառությամբ 9-րդ դասարան փոխադրվածի, իսկ տասներկուամյա ծրագրով ուսուցումը ընդհատած սովորողը` համապատասխան դասարանում:

ա. Տասնմեկամյա ծրագրով ուսումնառության և հիմնական կրթության վկայականի դեպքում, միջնակարգ կրթության 3-րդ աստիճանում հետագա ուսումնառության դասարանը որոշվում է սույն կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված ընթացակարգով:

բ. Հայաստանի Հանրապետությունում ուսումնառությունն ընդհատած և Հայաստանի Հանրապետությունից արտերկիր տեղափոխված և վերադարձած սովորողը Հայաստանի Հանրապետությունում ուսուցումը շարունակում է իր տարիքային խմբին համապատասխան դասարանում` ներկայացնելով սույն կարգի 14-րդ կետով պահանջվող փաստաթղթերը` բացառությամբ սույն կարգի 14-րդ կետի 4-րդ ենթակետի:

23. 1-ին և 2-րդ դասարանները այլ երկրներում ռուսերենով (կամ այլ օտար լեզվով) ուսուցմամբ դպրոցներում (դասարանում) սովորած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների երեխաները Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս ուսումը շարունակում են հայերենով ուսուցմամբ համապատասխան դասարանում:

24. Ուսումնառության ընթացքում առնվազն 5 տարի անընդմեջ այլ երկրներում ռուսերենով (կամ այլ օտար լեզվով) ուսուցմամբ դպրոցներում (դասարանում) սովորած Հայաստանի Հանրապետության քաղաքաքացիների երեխաները Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս կարող են ուսումը շարունակել ռուսերենով (կամ այլ օտար լեզվով) ուսուցմամբ համապատասխան դասարաններում:

25. Մնացած դեպքերում այլ երկրներում ռուսերենով (կամ այլ օտար լեզվով) ուսուցմամբ դպրոցներում (դասարանում) սովորած Հայաստանի Հանրապետություն քաղաքացիների երեխաները ուսումնական տարվա առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս կարող են մինչև ուսումնական տարվա ավարտը, իսկ երկրորդ կիսամյակում` մինչև հաջորդ ուսումնական տարվա ավարտը սովորել ռուսերենով (կամ այլ օտար լեզվով) ուսուցմամբ դասարանում` այդ ընթացքում հայերենի իմացությունը ապահովելու և սահմանված ժամկետը լրանալուց հետո հայերենով ուսուցմամբ դասարան տեղափոխվելու պայմանով:

26. Ընդհանուր ծրագրեր իրականացնող դպրոցից հատուկ ծրագրեր իրականացնող դպրոց կամ հատուկ ծրագրեր իրականացնող դպրոցից ընդհանուր ծրագրեր իրականացնող դպրոց սովորողի ընդունելությունը կատարվում է համաձայն սույն կարգի 14-րդ կետի, իսկ դասարանի համապատասխանությունը որոշվում է, ըստ ուսումնական ծրագրերի համարժեքության:


III. ՍՈՎՈՐՈՂԻ ԱԶԱՏՈՒՄԸ ԴՊՐՈՑԻՑ

27. Սովորողի ազատումը դպրոցից կատարվում է.

1) ծնողի դիմումի հիման վրա,

2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա,

3) առանց դիմումի դպրոցից հեռացած սովորողը չի փոխադրվում հաջորդ դասարան և ուսումնական տարվա վերջում հանվում է հաշվառումից:

28. Ոչ պետական, մասնագիտացված դպրոցների կամ այլընտրանքային ծրագրում ընդգրկված սովորողների ազատումը կամ այլ դպրոց տեղափոխումը կարող է կատարվել նաև ծնողի և տվյալ դպրոցի միջև կնքված պայմանագրային դրույթները սովորողի կամ ծնողի կողմից չպահպանելու դեպքում:

Աղբյուր

%d такие блоггеры, как: